«Ես պատերազմին շատ եմ պետք, ինձ գնդակ չի կպչի»:
Այսօր Արցախյան ազատամարտի հերոս
ԴՈՒՇՄԱՆ ՎԱՐԴԱՆԻ մահվան տարելիցի օրն է:
Նա զոհվել է 1992 թվականի հուլիսի 3-ին, Արցախի Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի մոտ, դավադիր ականից, երբ իր զինվորական ընկեր
Երոյի (Արմեն Երիցյան) և Արայիկի (Արա Ավագյան) հետ մարտական առաջադրանք էր կատարում այդ գյուղում:
«Ես պատերազմին շատ եմ պետք, ինձ գնդակ չի կպչի, իսկ եթե զոհվեմ, միայն դավադիր ականից կլինի:
Եթե զոհվեմ՝ զինված, մաքուր հագնված կգաք թաղմանս ու գլխիս տակ դաշույն կդնեք, որ էն աշխարհում էլ պայքարեմ»,- այդպես սեփական մահը կանխատեսել և պատգամել է հերոսը:
Վարդանի մարմինը հանձնվել է իր այդքան սիրելի հողին Երևանում, հայ զինվորների գերեզմանոցում՝ Եռաբլուրում:
ԴՐՎԱԳՆԵՐ ԴՈՒՇՄԱՆ ՎԱՐԴԱՆԻ ԿՅԱՆՔԻՑ
«ՎԱՐԴԱՆ ԶՈՐԱՎԱՐՆ ԵՍ ԴԱՌՆԱԼՈՒ»
Զարիկ մայրիկը գրադարանի ընթերցողների համար միջոցառում էր կազմակերպել: Հրավիրել էր հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Շիրազին:
Դահլիճում հավաքված սպասում էին Շիրազին, երբ նա ներս մտավ և ակումբի նախասրահում տեսավ Լենինի արձանը:
Հետ դարձավ զայրացած, թե՝ էս շանը էլի տեսա, մեր հողերի կորստի պատճառը Լենինն է:
Միջոցառումը տապալվում էր:
Վարդանին գրկած՝ Զարիկ մայրիկը մոտեցավ Շիրազին, թևից բռնելով խնդրեց ներս մտնել: Վարդանը կրկնեց նրա հետ:
Շիրազը նայեց Վարդանին և հարցրեց անունը, երբ լսեց, ասաց.
- Վարդան զորավարն ես դառնալու: Աչքերին նայե՛ք, աչքերին…
Մարգարեացավ բանաստեղծը:
ԽՈՆԱՐՀՈՒՄ ՆՆՋԵՑՅԱԼՆԵՐԻ ԱՌՋԵՎ
Շահումյանի անկումից հետո Դուշման Վարդանն ընկերոջ հետ գիշերով թաքուն վերադառնում է Շահումյան: ՈՒզում էր ստուգել` թուրքերը գերեզմանները հո չե՞ն պղծել:
Գերեզմաններում քրիստոնյա մեռյալները, ինչպես գիտեք, հոգով կենդանի են և տեղյակ, թե ինչեր եղան իրենց շրջանի բնակչությնան ու մերձավորների հետ: Կենդանի հոգիներ, որ թեպետ գերեզմաններում, այժմ գերության մեջ էին հայտնվել:
Վարդանը, որ պայծառատեսության պահեր էր ունենում, հոգով նրանց ապրումները տեսնելով, ահա գիշերով հետ է ընկել և ընկերոջ` Կառլենի հետ անկում ապրած գյուղերից մեկի գերեզմանոցում է:
Լուռ ու գլխիկոր մոտենում է խաչքարին, ծնկի իջնում և ասում.
«Մենք Աստծո խենթ զավակներն ենք. աղոթենք յուրովի»: Հեռանալիս Վարդանը սրտի խոր ցավով ասաց.
«Մեր պապերը գերեզմանները կառուցել են գյուղի սկզբում, որպեսզի գյուղը պաշտպանվի գերեզմաններից սկսած, իսկ հիմա մենք թողնում ենք ու հեռանում: Մե՛ր պապեր, ներեցե՛ք ձեր անառակ որդիներին, մենք դեռ կգանք»:
ՀԱՐՅՈՒՐԱՎՈՐ ՀԱՄԲՈՒՅՐՆԵՐ ՍՈՒՐԲ ՏԱՃԱՐԻ ՇՈՒՐՋԲՈԼՈՐԸ ԳՏՆՎՈՂ ՔԱՐԵՐԻՆ
Վարդանը խոնարհվում էր մեր մեծ սրբավայրերի ու հայ շիրիմ-հիշատակների առաջ: Նրա համար գերեզմաններում հանգչող հայերը հոգով կենդանի են: Եվ ահա, երբ Շուշին ազատագրվեց, Վարդանը Ղազանչեցոց եկեղեցու շուրջ, ինչպես կարգն է ուխտի եկողներին, պտտվեց: Հարյուր հազարավորներից առանձնացող եզակի անհատի ուխտի իրականացում էր այդ պտույտը:
Եկեղեցու դուռն ու քարերը համբուրելով` իր պաշտամունքային խոնարհությունը մատուցեց գերությունից ազատագրված մեր սուրբ տաճարին:
«ՄԵ՛Ր ՊԱՊԵՐ, ՇՈՒՇԻՆ ԱԶԱՏԱԳՐՎԱ՛Ծ Է, ՀԱՆԳՍՏԱՑԵ՛Ք»
Շուշին արդեն ազատագրված էր: Բոլորը եկեղեցու մեջ էին կամ բակում: Աղոթում էին, ուրախությունից արտասվում, փառաբանում Աստծուն: Հաղթանակի տոն էր:
Հանկարծ Վարդանի ընկերներն անհանգստացան: Վարդանը չկար:
Անհանգստանալն իզուր չէր, որովհետև թուրքերը Դուշման Վարդանի համար գլխագին էին նշանակել: Բան պատահած չլինի՞:
Իսկ որտե՞ղ էր Վարդանը:
Վարդանը, մի շիշ շամպայն ձեռքին, գնացել էր գերեզմանոց:
Եվ շամպայնից կաթիլներ կաթեցնելով հայկական բոլոր գերեզմանոցների վրա` բարձր ձայնով գոռում էր.
-Մե՛ր պապեր, Շուշին ազատագրվա՛ծ է, հանգստացե՛ք:
Տղերքը Վարդանին գտան գերեզմանոցում` հաղթանակի ավետիսը ննջեցյալներին հայտնելիս:
Օրհնյա՛լ լինես, Վարդա՛ն: Թող մի օր էլ մի հայորդի քո երազանքի կատարումը` Էրգրի ազատագրումը քեզ ու քո նահատակ ընկերներին ավետիս բերի նույն խոսքերով:
«ՄԱ՛Մ, ՔՈ ՄԱՀՆ ԱՆԳԱՄ ԻՆՁ ՀԵՏ ՉԻ ՊԱՀԻ…»
Ժուռնալիստ..
-Աշխարհում ամենից շատ ի՞նչ ես սիրում:
-Հայրենիքս:
-Հետո՞:
-Իմ Զարիկ մորը…
Արցախ մեկնելուց առաջ իր Զարիկ մորն ասել էր.
«Մամ, քո մահն անգամ ինձ հետ չի պահի»:
Ասել էր ու գնացել:
Ասենք՝ մայրը չէր էլ փորձել հետ պահել, լավ գիտեր որդուն (ախր, ինքն էր նրան այդպես ստեղծել, այդպես խենթ ու անսանձ)…
Անունը Վարդան էր, ինքը՝ կրակ:
Ոչ թե այրող, այլ տաքացնող կրակ:
1984-ին կամավոր մեկնեց Աֆղանստան:
Վերադարձավ բազում շքանշաններով:
ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ուսանող էր, երբ շարժումը սկսվեց:
Այդ օրվանից Վարդանի անհանգիստ հոգին այլևս չխաղաղվեց, շարժումն ամբողջովին կլանեց նրան:
ՈՒսանող ընկերները մի դեպք են հիշում. շարժման օրերին Երևանի «Առագաստ» սրճարանում ընկերներով նստած են լինում: Դիմացից աղջիկներ են գալիս ու կախարդված նայում Վարդանի աչքերին:
Ընկերները, թե` ա՛յ տղա, տես ոնց են նայում, է՜: Վարդանն էլ, առանց աղջիկների վրա հայացք գցելու, գոռում է.
«Որ մտել եմ Շուշի, մեր ու մանուկ մորթելու եմ»: Մարդիկ նրան խելագար են համարում. այստեղ իրենով հիացած աղջիկներ, իսկ ինքը՝ Շուշի, այն էլ՝ 88-ին: Բա՞յց…
Արվեստագետի փաստաթղթերով Արցախ մտավ ու դարձավ ինքնապաշտպանական մարտերի շաղախը: Առաջին իսկ կռիվներից թշնամին հսկայական գլխագին խոստացավ նրա համար ու նրան Դուշման անունով կնքեց:
Իսկապես, որ մեր Դուշմանը մեր դուշմանների դուշմանն էր:
Վարդանն ամեն տեղ էր` Լեսնոյ, Խոջալու, Ասկերան, Մարտակերտ:
Տարբերվում էր բոլորից. տղաները երբեք չէին հուսահատվում, երբ Վարդանը նրանց հետ էր, գիտեին` մի բան անպայման կանի:
Բերդաձորի ազատագրումից առաջ մոտ մի շաբաթ ուտելու ոչինչ չեն ունենում: Տղաներից մեկը, սովին այլևս չդիմանալով, թուլացած ընկնում է: Տեսնելով ընկերոջը՝ Վարդանը սկսում է… խոտ ուտել:
«Համո՞վ ա»,- հարցնում է ընկերը:
«Շա՜տ»…
ՈՒ ազատագրում են Բերդաձորը:
Շուշիի առանձնակի գումարտակի փոխհրամանատարն էր, Շահումյանի հետախուզության պետը, Վարդանն ամեն ինչ էր՝ զինվոր, հրամանատար, բանաստեղծ, բժիշկ ու այս ամենով հանդերձ՝ անսահման համեստ մի մարդ:
Մեն-մենակ գործեր էր անում, բայց երբեք չէր ասում՝ ես արեցի:
Խոստացել էր, որ մեր ու մանուկ մորթելու է:
Լեսնոյի ազատագրման ժամանակ մտնում են մի տուն և տեսնում պատի մոտ կծկված ազերիներ՝ մի կին, պառավ ու ծերունի, նաև մի երեխա, որն օրորոցում գոռում է: Վարդանն իրեն չի կորցնում, քաշում է պառավի շալն ու գցում երեխայի տակը, գրպանից շոկոլադ է հանում ու քսում նրա շուրթերին:
Ընկերների դժգոհությանն ի պատասխան՝ Վարդանն ասում է.
«Իմ պատերազմում կանայք ու երեխաները չպետք է զոհվեն: Երբ այս փոքրիկը մեծանա ու դուրս գա իմ հայրենիքի դեմ, այն ժամանակ էլ իմ որդին նրա դեմ կելնի»:
ԴՈՒՇՄԱՆԸ
Ընդամենը 26 տարի ապրեց Վարդան Ստեփանյանը, բայց այդ 26 տարում անսահման շատ բան հասցրեց անել իր ազգի համար:
Վկայությունը՝ բազում մեդալներն ու «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանը:
Բայց ամենից մեծ վկայությունը ժողովրդի սերն ու պատկառանքն է, որը ոչ մի մեդալով չես գնի:
«Ասում են կտրվելուց հետո է միայն երևում ծառի բուն հաստությունը»:
Ողբերգականորեն ճշմարիտ է ու հատկապես Վարդանի դեպքում:
Այն, որ ծառը հաստ է, գիտեն բոլորը, բայց իրենց պատկերացրած հաստությունը չափազանց քիչ էր իրականի համեմատ:
ՈՒ հիմա էլ մեր պատկերացրածն է քիչ, քանի որ Վարդանի ծառի բուն հաստությունը որոշելու համար մի սերունդը շատ քիչ է:
Բազում սերունդներ պիտի բացահայտեն այդ ծառն ու այն բոլոր շիվերը, որ ծլարձակելու են այդ հաստ, շատ հաստ ծառի բնից:
Քանի որ Վարդանը հավատարիմ մնաց հայի իր՝ պայքարող, տառապող ու վերածնվող տեսակին:
«ԴԵՌ ՄԱՆԿՈՒՑ ՄՈՐԹՎԵԼ ՈՒ ՀՈՇՈՏՎԵԼ Է ԻՄ ՀՈԳԻՆ»
«Կարդացել եմ շատ պատմավեպեր ու վիպակներ:
Գրքերի օգնությամբ մասնակից եմ եղել Ավարայրի ճակատամարտին:
Շիրազի օգնությամբ Դանթեի սարսափելի դժոխքն եմ տեսել իմ տառապյալ հողում:
Դեռ մանկուց մորթվել ու հոշոտվել է իմ հոգին:
Այժմ էլ Կոմիտասի ճիչն է լսվում իմ ականջներում:
Չի լռի երբեք «Անլռելի զանգակատունը»:
Այն ամեն հայի մեջ անմար կպահի իր անցյալը:
Անցյալով է հայը ստեղծում իր ապագան: Կստեղծի, քանի դեռ կենդանի է մեկ հայ»:
Վարդան Ստեփանյան 1986 թ.
Վարդանի այս խոսքերը ոչ թե հավուր պատշաճի և գեղեցիկ հնչելու համար են, այլ հայրենադավանություն:
Խորհրդային տարիներին մեր միտքը փչացրել են. չըմբռնել կամ սակավ ըմբռնել այն, ինչ կարդում էինք: Բայց «գրքերի օգնությամբ մասնակից եմ եղել Ավարայրի ճակատամարտին» և մեր ազգի հետ պատահած բոլոր ծանր դիպվածներին` խոսքն արդեն հոգևոր ըմբռնում է:
Երբ արժանավոր նախնիներիդ սիրելով տեղափոխվում ես ժամանակների մեջ, ազգիդ հետ ապրելով նրա ապրածները, երևույթ է, որ քեզ իմաստություն է բերում` ժառանգավորի համատարիմ սիրով սիրելու ժողովրդիդ:
26 գարուն ապրեց Վարդանը, սակայն հասցրեց իր կյանքն ապրել որպես վարք:
Ապրեց վարք ինչպես ֆիդայինները, ինչպես Անդրանիկն ու Նժդեհը:
Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ